Գեներալ Թովմաս Նազարբեկյանի 1918թ. մայիսի 25-ի կոչը

Spread the love

28.05.2018, ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ – ԿՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

թուրքական արշավանքի դեմ համազգային ճակատ

ստեղծելու անհրաժեշտության մասին

25 մայիսի, 1918թ.

Հայեր,

Ծանր փորձություններ է ապրում մեր ժողովուրդը: Տաճկական բազմադարյան ստրկությունից հետո մեր ժողովուրդը հասկացավ, որ այդպես շարունակել այլևս չի կարող և վճռեց` կամ զենքը ձեռքին նվաճել իր ազատությունն ու ստեղծել իրեն համար երջանիկ ապագա և կամ պատվով մեռնել…

Տաճիկները ամենաբարբարոս կերպով խախտեցին հաշտության բանակցություններն ու կնքված զինադադարը. նրանք, օգտվելով զինադադարից, առանց նախազգուշացնելու, անսպասելի կերպով հարձակվեցին ու գրավեցին Ալեքսանդրապոլը: Այս բանը վերջնականապես քայքայեց մեր զորքը, և զինվորները, ձգելով իրենց շարքերը, անկանոն կերպով փախան իրենց տները` թողնելով բախտի բերմունքին բոլոր մեր պահեստներն ու ամբողջ ռազմամթերքը: Թվում էր, թե ամեն ինչ կորած է, և նենգ թշնամուն մնում է միայն շարունակել իր հաղթական ընթացքը դեպի երկրի ներսը` ստիպելով դրանով հայ ազգաբնակչությանը գաղթել իրեն բնակավայրերից և կորցնել իր ամբողջ ունեցվածքը:

Եթե դուք ցանկանում եք ազատել ձեր ընտանիքներն ու ունեցվածքը, եթե չեք ցանկանում ապրել ավելի վատթար ստրկության մեջ, քան այն, որ դարերի ընթացքում կրել են մեր եղբայրները տաճիկ կառավարության լծի տակ, եթե չեք ուզում, որ ամբողջ հայությունը կորչի, եկեք բոլորդ, ով զենք կրելու ընդունակ է, եկեք ձեր զենքով ու փամփուշտներով, վերցրեք ձեզ հետ հինգ օրվա ուտելիքեղենի պաշար, մինչև որ կարելի լինի զորքի կանոնավոր պարենավորումը կազմակերպել:

…. Լավ գիտեցեք, որ եթե այժմ զենքով չկարողանանք պաշտպանել մեր ազատությունն ու ունեցվածքը, ապա մենք արժանի չենք գոյություն ունենալու որպես ինքնուրույն ժողովուրդ, և այն ժամանակ վայ մեզ ու մեր հետնորդներին: Մեր որդիներն ու թոռները միայն անեծքով կհիշեն մեզ: Մենք հույսը պետք է դնենք միմիայն մեր սեփական ուժերի վրա, և եթե այժմ առանց ժամանակ կորցնելու չօգնենք մեր զորքին, չլրացնենք մեր շարքերը զինվորներով ու չմատակարարենք նրան անհրաժեշտ մթերքներով, մենք կորած ենք: Լավ իմացեք, որ եթե այժմ զենքով չնվաճենք մեր ազատությունն ու չստեղծենք մեզ համար երջանիկ ապագա, այլևս երբեք չի հաջողվի այդ բանը ոչ մեզ և ոչ մեր սերունդներին:

Հայկական կորպուսի հրամանատար

գեներալ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *