ԲՈՒԼՂԱՐ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՐԻԱՐՔՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ԻՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ (Լուսանկարներ)

Spread the love

bg-top

26.05.2016, ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ – Ս.թ. մայիսի 26-ին, Բուլղար ուղղափառ եկեղեցու պատրիարք և Սոֆիայի մետրոպոլիտ Նորին Սրբություն Նեոֆիտը պատրիարքարանում պաշտոնապես ընդունել է Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանին, տեղեկացնում են Բուլղարիայի հայոց թեմի մամլո դիվանից: Հոգեշնորհ Հայր Սուրբը ողջունել է պատրիարք Նեոֆիտին և նրան փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ հայրապետի եղբայրական ողջույնը: Առաջնորդական ընտրությունից հետո, սա Հայր Իսահակի առաջին այցելությունն էր Բուլղարիայի պատրիարքին, որի ընթացքում խոսվել է նաև Նեոֆիտ պատրիարքի հրավերով Վեհափառ հայրապետի հավանական հայրապետական այցելության մասին:

Հոգեշնորհ Հայր սուրբը ներկայացրել է իր տպավորությունները Բուլղարիայում, մասնավորապես նշելով. «Այս յոթ ամիսների ընթացքում, ինչ գտնվում եմ Բուլղարիայում, վստահորեն կարող եմ հաստատել, որ Ձերդ Սրբությունը բարձր հեղինակություն է բուլղար ժողովրդի համար և Դուք, ինչպես նաև Բուլղար ուղղափառ եկեղեցին, վայելում եք Ձեր ժողովրդի սերն ու հարգանքը»:

Նորին Սրբությունն իր հերթին ողջունել է Բուլղարահայոց առաջնորդին` մաղթելով բազմարդյուն առաջնորդություն: «Մենք լիահույս ենք, որ, ինչպես մեր երկրում, այնպես էլ Եվրոպայում և բոլոր աշխարհում քրիստոնեությունը առավել պիտի հաստատվի և տարածվի:», – իր խոսքում նշել է Նեոֆիտ պատրիարքը:

Հանդիպմանը ներկա են եղել Բուլղարիայի կրոնական համայնքների Ազգային խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանը և Բուլղարիայի ,,Հայ Դատի,, հանձնախմբի համաատենապետուհի Տիկին Վարդանուշ Թոփակբաշյանը:

Բուլղար ուղղափառ եկեղեցու կողմից հանդիպմանը մասնակցել են Սուրբ Սինոդի գլխավոր քարտուղար Գերասիմ վարդապետը, ավագ լուսարար Վասիլի Սարյանը և պատրիարքարանի վարչակազմի ղեկավար Թոդոր Աթանասովը: Հանդիպման ավարտին Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը Նորին Սրբություն պատրիարք Նեոֆիտին նվիրել է որոշ հուշանվերներ Սուրբ Էջմիածնից և մյուռոնաթափ աղավնու կրկնօրինակ: Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *