ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում

Spread the love

06.04.2016, ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ – Բուլղարիայի հայերի միությունը հայտարարություն է տարածել, որում Միության նախագահ պարոն Հարություն Հովսեփյանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Բուլղարիայի հայերի միությունը խստորեն դատապարտում է ս.թ. ապրիլի 2-ինսկսած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաների ամբողջ երկայնքով օդային զինուժի, ծանր հրետանու և զրահամեքենաների կիրառությամբ Ադրբեջանի լայնամածավալ ռազմական հարձակումները, որոնք աննախադեպ էին 1994թ. հաստատված հրադադարից ի վեր:

Հարձակումների զոհ են դարձել եւ վիրավորվել տասնյակ զինվորականներ եւ քաղաքացիական անձինք, որոնց մեջ նաեւ երեխաներ: Այս առիթով Բուլղարիայի հայերի միությունը իր խորը վշտակցությունն է հայտնում անմեղ զոհերի հարազատներին ու մերձավորներին և կիսում կորուստի ցավը:

Ցավոք միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ իրենց կոչերում շարունակում է հավասարության նշան դնել կողմերի միջև, խուսափել հասցեական քննադատությունից և զսպվածության հաստատակամ կոչեր անել Ադրբեջանին: Անտեսվում է այն հանգամանքը, որ հենց Ադրբեջանի ղեկավարությունն է մշտապես ու հետևողականորեն հանդես եկել ռազմատենչ հռետորաբանությամբ, պատերազմական կոչերով, ռասիստական և հայատյաց քարոզով` օգտագործելով, այդ թվում, նույն միջազգային հարթակները: 

Ուստի կոչ ենք անում Բուլղարիայի իշխանություններին, եվրոպական և միջազգային մարմիններին վճռականորեն դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները` մարդկային տասնյակ ու հարյուրավոր կյանքերի կորստյան համար, այդ թվում` քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում:

Բուլղարիայի հայերի միությունը զորավիգ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ու նրա ժողովրդին հանուն ազատության նրա պայքարում և խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ երկիր կառուցելու ջանքերում: Միաժամանակ կոչ ենք անում բուլղարահայ համայնքին և Սփյուռքի մեր հայությանը ավելի ակտիվացնել իրենց գործողությունները ի շահ մեր ազգի և Հայրենիքի»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *