Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ

Spread the love

28.05.2018, ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ – Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

1918 թվականի մայիսյան հաղթանակները դարձան հայոց պետականության վերականգնման սկիզբը: Դարեր շարունակ հայ ժողովուրդը ենթարկվել է բռնությունների ու կոտորածների, անցել է բազում փորձությունների միջով, քանի որ չուներ պետականություն, ապրում էր օտարի լծի տակ:

Եվ չնայած Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատեւեց կարճ ժամանակահատված, այնուամենայնիվ, նշանակալի է նրա դերակատարությունը մեր ժողովրդի կյանքում: Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում քաջ հայորդիների սխրանքն ապացուցեց, որ հայը կարող է խուսափել կոտորածից, երբ հավատում է սեփական ուժերին, երբ զենք է վերցնում եւ պաշտպանում սեփական հողը, երբ միասնական է ու հաստատակամ:

Մայր Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, միշտ վառ պահելով 1918-ի հերոսամարտերի ոգին, շարունակում են համատեղ ջանքերով պաշտպանել, զորացնել ու զարգացնել հայկական երկու հանրապետությունները, որպեսզի շենանա հայկական հողը եւ հայ ժողովրդի ապագան լինի հուսալի ու պայծառ:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս պետական տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու ամենայն բարիք»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *